Ավելի էժան, քան Tesla-ն։ Xiaomi ընկերությունը Չինաստանի շուկա է ներկայացրել իր երկրորդ ավտոմեքենան՝ էլեկտրական քրոսովեր YU7-ը, որը կհամալրի SU7 սեդանի շարքը։ Նորույթի արժեքը սկսվում է 253 500 յուանից (մոտ 35 366 $)։ Այսինքն՝ այն ավելի էժան է, քան Tesla Model Y-ը, որի արժեքը սկսվում է 263 500 յուանից (36 761 $) և կորցնում է դիրքերը տեղական մրցակիցների ճնշման ներքո։ YU7-ի համար հայտարարվել է 690 ձիաուժ հզորությամբ համակարգ, 3,23 վայրկյանում 100 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորություն, 800 վոլտանոց էլեկտրական հզորություն, լիդար և ապակու տակ տեղադրված երկար էկրան։
Քրոսովերը առաջարկվում է երեք տարբերակով՝ Standard, Pro և Max։ Մեքենայի հիմքում գտնվում է նույն Modena պլատֆորմը, ինչ SU7 սեդանի մոտ՝ Xiaomi ընկերության արտադրությամբ։
Բազային տարբերակում քարշակումը հետևի է, մեկ էլեկտրաշարժիչով, որի հզորությունը կազմում է 319,5 ձիաուժ։ 0-100 կմ/ժ արագության արագացումը տևում է 5.88 վայրկյան։ Pro տարբերակում շարժիչները երկուսն են, քարշակումը՝ լիաքարշակ։ Հզորությունը՝ 496 ձիաուժ, արագացումը 0-ից 100 կմ/ժ՝ 4.27 վայրկյան։

Max տարբերակում նույնպես կան երկու շարժիչներ, սակայն ընդհանուր հզորությունը հասնում է 690 ձիաուժի (պտտող մոմենտը՝ 866 Ն·մ)։ Այս տարբերակը 0-ից 100 կմ/ժ արագանում է ընդամենը 3.23 վայրկյանում։
Միևնույն ժամանակ, ամենահեռաշարժ տարբերակը Standard-ն է, որը, ըստ չինական CLTC չափանիշի, կարող է մեկ լիցքավորմամբ անցնել մինչև 835 կիլոմետր։ Pro տարբերակի ընթացքի պաշարը 770 կմ է, իսկ Max-ինը՝ 760 կմ։
Առկա է գերհզոր արագ լիցքավորման հնարավորություն, ըստ հայտարարված տվյալների, ընդամենը 15 րոպեում հնարավոր է լիցքավորել այնքան, որ մեքենան կարողանա անցնել 620 կիլոմետր։
Բացի դրանից, սրահում կա խոշոր կենտրոնական մոնիտոր և 6.68-դյույմանոց սենսորային էկրան հետևի ուղևորների համար։ Մեքենայի տարբեր ֆունկցիաները կարելի է կառավարել այդ էկրանի միջոցով, ինչպես նաև Xiaomi AI ձայնային օգնականի հրամաններով։

Ձայնային համակարգը Dolby Atmos է՝ 25 բարձրախոսով։ Սրահում առկա են 36 պահոց, որոնք միասին բեռնախցիկի հետ ապահովում են մինչև 1970 լիտր տարողություն։ Բացի այդ, առկա է փոքրիկ սառնարան՝ 4.6 լիտր տարողությամբ։
Ներկայումս Xiaomi-ն միայն սկսել է նախնական պատվերների ընդունումը և արդեն առաջին ժամում հավաքել է գրեթե 300 000 հայտ։ Արտադրությունը, ինչպես նշում է Car News China-ն, դեռ չի սկսվել, թեև ներքին աղբյուրները հայտնում են, որ Xiaomi-ի պեկինյան գործարանի ավտոկայանատեղիում կան արդեն պատրաստի հազարավոր YU7 մոդելներ։

