Ամենաթանկ սերիական Նիվան դիլերներին հասնելուն պես անմիջապես հայտնվեց հանրային կարծիքի դաժան ճնշման տակ։ Մի կողմից նոր մեքենան քննադատում են նրանք, որոնց համար ավանդական ամենագնացը մինչ այժմ ընդամենը մատչելի տրանսպորտ էր հեռավոր և դժվարամատչելի վայրեր գնալու համար։ Նրանց աչքին Lada Sport-ի կատարելագործումները անիմաստ են թվում։
Մյուս կողմից քննադատության պատնեշ են կազմել բլոգերները, ովքեր նոր տարբերակը համարում են թերի, անհուսալի և, միևնույն ժամանակ, իր գնի համար ոչ բավական «թեժ»։

Իհարկե, դժվար է ժխտել, որ «սպորտային» հասկացությունը գրեթե 50 տարվա պատմություն ունեցող հնացած ամենագնացի համար կիրառելը զավեշտալի է, եթե չասենք, հեգնալից։ Իսկ վաճառքների մեկնարկը, գուցե, իսկապես արագացված էր, քանի որ խնդիր կար այն կապել Նիվայի ծննդյան օրվա հետ։ Սակայն նախագծով լրջորեն զբաղվել է գործարանի մրցարշավային թիմի ռալի-ռեյդային ստորաբաժանումը, որը գրանցել է հաջողություններ լոկալ մրցարշարերում և նաև ունի բավարար արտադրական փորձ։
Այլ կերպ ասած, Niva Sport-ը, այուամենայնիվ, իմաստավորված արտադրանք է՝ պատրաստված այդ գործից լավ հասկացող մարդկանց կողմից։

Ինչ էլ լինի, պետք է փաստել, որ Նիվան վաղուց հաղթահարել է զուտ ամառանոց կամ դժվարամատչելի վայրեր գնալու համար նախատեսված բարոյապես հնացած ամենագնացի իմիջը։ Եվ այս առումով Lada Niva Sport-ը ընդառաջ է գնացել նրանց, ովքեր Նիվայի մեջ տեսնում են փոքրիկ և անհամեմատ էժան G Classe:
Lada Sport-ը այս Նիվայի մեջ ներառել է շուրջ 140 կառուցվածքային փոփոխություններ։ Ամենաարմատականը շարժիչն է։ Ինժեներները հրաժարվել են բազմիցս փորձարկված ու հին 8 փականով շարժիչի հետագա հզորացումից։ Փոխարենը «Ժիգուլիի» դարաշրջանի մթնոլորտային շարժիչի փոխարեն կապոտի տակ տեղադրվել է 16 փականով շարժիչ, այն էլ ոչ թե սովորական, այլ վերամշակված տարբերակը։ Նախկինում 1,7 լիտր էր, 83 ձիաուժ և 129 Ն/մ ոլորող մոմենտ, այժմ՝ 1,6 լիտր է, 122 ձիաուժ և 151 Ն/մ։ Գործարանը հայտարարել է 11․8 վայրկյան 100կմ/ժ արագության հասնելու համար, սակայն փորձարկումը ցույց է տվել 13․3 վայրկյան ցուցանիշ։ Այնուամենայնիվ դա շատ ավելի լավ ցուցանիշ է, քան սովորական Niva-ի 17 վայրկյանը։

Մեքենայի լիաքարշակ համակարգին ձեռք չեն տվել, իսկ մեքենայի թափքի և անվադողերի միջև տարածությունը (քլիրենս) 20 սմ-ից դարձել է 22 սմ։ Ընթացամասը նույնպես լուրջ վերափոխման է ենթարկվել։ Մեծ 17-դյույմանոց անիվները 215/60 չափսով (սովորական Legend մոդելի վրա տեղադրվում են 16-դյույմանոց անվահեծեր նեղ անվադողերով) համադրվում են լայնացված թափքով, յուրօրինակ ամորտիզատորներով, նոր ամուր տարրերով և արմատապես վերանայված հետևի կախոցով։
Ինչ վերաբերում է ասֆալտին, ապա կարելի է ասել, որ Niva Sport-ը սկսել է ավելի հստակ և կանխատեսելի ղեկավարվել։ Թեպետ, այն մարդը, ով սովոր չէ ռուսական ամենագնացի վարքային առանձնահատկություններին, միևնույն է, ստիպված է լինելու հարմարվել խորը թեքումներին և ոչ զգայուն հիդրավլիկ ղեկին։ Բայց լայն անվադողերը ավելի քիչ են ծռվում, իսկ վերափոխված ընթացամասով մոդիֆիկացիան շրջադարձը դարձնում է ավելի կայուն։

Իսկ ահա ABS համակարգը Niva Sport-ում առկա է։ Եվ այն աշխատում է բոլոր չորս անիվներին համակցված դիսկային արգելակների հետ։ Niva Sport-ի նախատիպի շնորհանդեսի ժամանակ նախագծի ղեկավար Կոնստանտին Գիստարովը պատմել էր, որ հետևի թմբուկային արգելակներից հրաժարվելը թույլ է տվել կրճատել արգելակման ճանապարհը 15 մետրով, ինչը տպավորիչ է։
Մեքենայի փոխանցման համակարգի բնորոշ գվվոցն ու թեթև թակոցները, ինչպես միշտ, գերակշռում են սրահում քաղաքային արագությունների ժամանակ։ Սակայն Niva Sport-ի սրահը որոշ առումներով դարձել է ավելի հարմարավետ։ Օրինակ, բաշխիչ փոխանցման տուփը ստացել է մեկ միացյալ ձող և՛ ցածր փոխանցման, և՛ դիֆերենցիալի բլոկավորման համար (դասական մոդելում դրանք երկուսն են)։ Իսկ մեխանիկական փոխանցման ձողը (ի դեպ, հագեցած է ուժեղացված հինգերորդ փոխանցմամբ) տեղափոխվել է ավելի մոտ վարորդի նստատեղին, ուստի այսուհետ միջինից ցածր հասակ ունեցող վարորդները ստիպված չեն լինի ձգվել առաջ՝ մեքենայի արագությունը փոխելու համար։

Փոխանցման տուփը աշխատում է հստակ, փոխանցումների շարժումները կարճ են, մի արագության աստիճանից մյուսն անցումը կատարվում է հաճելի դիմադրությամբ և հստակությամբ, սխալվել գրեթե անհնար է։ Բայց եթե շարժվում ես անհարթ ճանապարհով, որոշ պահերի ձեռքը պետք է պահել փոխանցման ձողի վրա, քանի որ ցնցումների ու շարժիչի բարձր պտույտների ժամանակ երկրորդ փոխանցումը պարբերաբար դուրս է ցատկում։
Այլ կարևոր թարմացումներից է կարգավորվող ղեկը։ Կաշվով պատված ղեկը կարգավորվում է միայն բարձրության ուղղությամբ, և որոշ դիրքերում ծածկում է արագության ցուցիչները։ Բայց նույնիսկ այդ դեպքում դա լրացուցիչ հնարավորություն է Նիվայում թեկուզ մի փոքր հարմարավետ տեղավորվելու։

Նշենք նաև ֆիրմային ձևավորումը․ Niva Sport-ի սրահը ձևավորված է կարմիր-սև գույներով, տանիքն էլ մուգ է, նստատեղերի վրա առկա են Lada Sport-ի լոգոներ, իսկ ամբողջ սրահում՝ կոնտրաստային կար։ Առկա են նաև այն փոքրաթիվ բոնուսները, որոնք կարող է առաջարկել Տոլյատիի գործարանը Niva-ի դեպքում․ նստարանների տաքացում, էլեկտրական կարգավորվող հայելիներ, երեք 12-վոլտային վարդակներ, երկուսը սրահում, մեկը՝ բեռնախցիկում։ Մեքենան համալրված է նաև վառ LED լույսերով։
Իզուր չէ, որ Lada Niva Sport-ը Niva Bronto տարբերակից խլել է ամենաթանկարժեք մոդիֆիկացիայի տիտղոսը։ Niva-ի նոր մոդիֆիկացիայի համար պահանջվում է 1 699 000 ռուբլի, որը համարժեք է 21 649 ԱՄՆ դոլարին։
Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան



















