Neue Klasse պլատֆորմի վրա հիմնված էլեկտրական BMW iX3-ը կունենա անսովոր գործառույթ։ The Verge պարբերականի լրագրողները, որոնք փորձարկել են այս մոդելի նախատիպը, հայտնում են, որ կրոսովերը կկարողանա ինքնուրույն միացնել շրջադարձի ցուցիչները՝ կանխատեսելով վարորդի մտադրությունները։ BMW կոնցեռնը միաժամանակ ներկայացրել է կրոսովերի առաջին տեխնիկական բնութագրերը, ներառյալ մինչև 800 կիլոմետր ընթացքի պաշարը։
BMW iX3-ի վարորդի նորացված օգնական համակարգը, որը հիմնված է հատուկ նախագծված հաշվարկային պլատֆորմի և արհեստական ինտելեկտի տարրերի վրա, ստեղծում է ավտոմատացված կառավարման բոլորովին նոր մակարդակ։ BMW iX3-ը կկարողանա ինքնուրույն երթևեկել ավտոմայրուղիներով, իսկ այդ ընթացքում վարորդը կարող է ձեռքերը հեռացնել ղեկից։ Մեքենան կարող է կանգնել կարմիր լույսի ժամանակ և կանաչ լույսի միացման դեպքում ազդարարել վարորդին։

The Verge պարբերականը նշում է վարորդի օգնական համակարգի մի անսովոր գործառույթ, որի մասին BMW-ն դեռ պաշտոնապես չի հաղորդել։ Ավտոմատ ռեժիմում շարժման ժամանակ հնարավոր կլինի մեքենային հրահանգներ տալ՝ պարզապես նայելով կողմնակի հայելիներից մեկին․ այդ նպատակով էլեկտրոնիկան կվերլուծի վարորդի հայացքի ուղղությունը։ Եթե մեքենան գտնվում է ձեռքով կառավարման ռեժիմում, հայելին հայացքը ընկալելու է որպես շրջադարձի մտադրություն, և էլեկտրոնիկան ինքնուրույն կմիացնի համապատասխան շրջադարձի ցուցիչը։ Իսկ եթե վարորդը փորձի փոխել երթուղին առանց հայացք գցելու կողմնակի հայելուն, գծի պահպանման համակարգը կակտիվանա՝ դիմադրելով նման գործողությանը։

BMW iX3-ը կստանա նոր սերնդի մարտկոցներ, որոնց էներգիայի խտությունը 20 տոկոսով բարձր կլինի նախորդներից։ Այն կաջակցի նաև մինչև 400 կիլովատ հզորությամբ լիցքավորմանը, որի շնորհիվ հնարավոր կլինի լրացնել մինչև 350 կմ ճանապարհի համար անհրաժեշտ լիցքավորումը ընդամենը 10 րոպեում։ Մեքենայի առավելագույն ընթացքի պաշարը կկազմի 800 կիլոմետր։ Լիցքավորման գործընթացը կունենա նաև արհեստական ինտելեկտի միջոցով կառավարվող նոր գործառույթ. եթե մեքենան ճանաչի, որ մոտենում է լիցքավորման կայանին, ինքնուրույն կբացի լիցքավորման պորտի դռնակը։
Neue Klasse պլատֆորմով կառուցված սերիական BMW iX3-ի պրեմիերան կկայանա սեպտեմբերին Մյունխենում, իսկ էլեկտրամեքենայի արտադրությունը Հունգարիայում նախատեսվում է սկսել տարվա վերջում։

