Jeep Cherokee–ն վերադառնում է․ առաջին պաշտոնական նկարները (ֆոտոշարք)

Jeep Cherokee-ի (չշփոթել Jeep Grand Cehrokee–ի հետ) վեցերորդ սերնդի քրոսովերը կներկայացվի այս տարվա վերջում։ Հայտնի է, որ մոդելը առաջարկվելու է հիբրիդային շարժիչային համակարգով։ Բացի այդ, ընկերությունը խոստացել է «մրցունակ գին»։

Նախորդ Jeep Cherokee-ն՝ KL գործարանային ինդեքսով, ներկայացվել էր 2013 թվականին։ Այդ քրոսովերը զարմացրեց Jeep-ի երկրպագուներին իր առջևի մասի ձևավորմամբ․ այն ուներ երկշարք լուսարձակներ (ներքևի նկարում)։

Մոդելի արտաքինը լուրջ քննադատության արժանացավ, այդ իսկ պատճառով 2017-ի վերջում անցկացված ռեստայլինգից հետո Cherokee-ն ստացավ սովորական լուսարձակներ։ Սակայն հետագայում երկշարք լուսատեխնիկան դարձավ տարածված երևույթ, այդպիսի լուծում է ստանալու նույնիսկ նոր Audi Q3-ը։ Ինչևէ, Jeep Cherokee հինգերորդ սերնդի արտադրությունը դադարեցվել է 2023-ին։

Դեռ մինչև արտադրության դադարեցումը հայտնի էր, որ մոդելը նոր սերունդ է ստանալու։ Եվ ահա այսօր Stellantis կոնցեռնի Հյուսիսային Ամերիկայի ստորաբաժանումը հրապարակել է վեցերորդ սերնդի քրոսովերի առաջին լուսանկարներն ու թիզերային հոլովակը։ Եվ այո՛, մոդելն անվանումը պահպանում է՝ Cherokee։ Մինչ այդ շրջանառվում էին լուրեր, որ Jeep-ը կարող է հրաժարվել այդ անունից՝ հարգանքի տուրք մատուցելով չերոկի հնդկացի ազգին։

Արտադրողը այս անգամ որոշել է փորձարկումներ չանել դիզայնի հետ․ հաջորդ սերնդի Jeep Cherokee-ն ստացել է բավականին ավանդական արտաքին։ Միևնույն ժամանակ, նոր սերնդի քրոսովերը նախորդ մոդելից ավելի վառ ու արտահայտիչ տեսք ունի․ ավելի ուղղանկյունաձև մարմին, զանգվածային դիմացի բամպեր և խիստ ձևավորված լուսարձակներ։ Իհարկե, Cherokee-ի ռադիատորի ցանցին պահպանվել են ապրանքանիշին հատուկ բացվածքները։ Հետևի մասը և սրահը դեռ չեն ցուցադրվել։

Stellantis ընկերությունից հայտնել են, որ քրոսովերը կունենա «նոր, արդյունավետ և հզոր» հիբրիդային շարժիչային համակարգ, սակայն տեխնիկական մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։ Պլատֆորմի վերաբերյալ ևս հստակ տեղեկություն չկա։ Որոշ արտասահմանյան ավտոմոբիլային լրատվամիջոցների կարծիքով, նոր Cherokee-ի հիմքում կարող է լինել STLA Large հարթակը, որը նաև օգտագործվում է էլեկտրական Jeep Wagoneer S մոդելում։ Մյուս վարկածի համաձայն՝ ինչպես նոր ներկայացված Jeep Compassը, «վեցերորդ» Cherokee-ն կառուցված է STLA Medium պլատֆորմի վրա։