Nissan-ը ներկայացրել է իր առաջին Frontier Pro plug-in հիբրիդային պիկապը (ֆոտոշարք)

Ճապոնական ընկերությունը հայտարարել է, որ 2025 թվականի Շանհայի ավտոսրահում ներկայացված նորույթը՝ Frontier Pro PHEV-ը, նախատեսվում է արտահանման համար (թե կոնկրետ որ երկրներ՝ կհայտարարվի ավելի ուշ)։

Նորույթը՝ Frontier Pro PHEV մոդելը, դարձել է Nissan-ի առաջին գլոբալ պիկապը, որը նախագծվել, մշակվել և արտադրվել է Չինաստանում (Zhengzhou Nissan համատեղ ձեռնարկության շրջանակում)։ Էլեկտրիֆիկացված բեռնատարի համաշխարհային դեբյուտը տեղի է ունեցել Շանհայում անցկացվող ավտոսրահում։ Այս պիկապը կդառնա NEV (նոր էներգետիկ ավտոմեքենաներ) շարքի այն ինը մոդելներից մեկը, որոնք ճապոնական ապրանքանիշը նախատեսում է թողարկել Չինաստանում մինչև 2027 թվականի ամառը։

Չինական շուկա Nissan Frontier Pro-ն կմտնի 2025 թվականի վերջում, իսկ ավելի ուշ պիկապը կարտահանվի նաև այլ երկրներ (թե որ երկրներ՝ արտադրողը կհայտնի ավելի ուշ)։ Հինգտեղանոց բեռնատարն ունի երկշարք սրահ, T-աձև լուսարձակներ, որոնք միացված են միմյանց առաջամասի լայնքով ձգվող լեդ լուսային գծով։ Ի դեպ, կենտրոնական երեք լուսային տարրերը հիշեցնում են 1980-ականների մոդելը՝ Nissan Hardbody Truck (D21)։

Բացի այդ, մոդելը ստացել է լուսավորվող լոգոտիպ, թափքը շրջապատող զանգվածային պլաստմասե արտաքին ծածկ, որն ընդգրկում է անիվների աղեղների և առաջամասի բամպերի ստորին հատվածի երեսպատումները։ Վերին հատվածը սև գույնի է, այդ գույնով են նաև տանիքի ռեյլինգները, ինչպես նաև առջևի ու կենտրոնական հենասյուները։

Պիկապը համալրված է պանորամա տանիքով և լյուկով։ Առջևի նստատեղերն ունեն տաքացման, օդափոխման և մերսման ֆունկցիաներ։ Վարորդի առջև տեղադրված է բազմաֆունկցիոնալ ղեկ՝ հարթեցված եզրով, ինչպես նաև 10 դյույմանոց թվային էկրան, որը ծառայում է որպես վիրտուալ գործիքային վահանակ։ Առջևի պանելում՝ կենտրոնական հատվածում, տեղադրված է 14,6 դյույմանոց հորիզոնական սենսորային էկրան, որը հանդիսանում է մուլտիմեդիա համակարգի կենտրոն։

Nissan Frontier Pro-ի plug-in հիբրիդային համակարգի հիմքում 1.5 լիտրանոց չորսմխոցային տուրբոբենզինային շարժիչն է, որն աշխատում է զուգակցված փոխանցման տուփի մեջ ինտեգրված էլեկտրաշարժիչի հետ։ Համակարգի համակցված հզորությունը գերազանցում է 410 ձիաուժը, իսկ առավելագույն ոլորող մոմենտը կազմում է 800 Նմ։ Բոլոր անիվներով քարշակվող բեռնատարը կարող է քաշել մինչև 3.5 տոննա։ Ընկերությունը չի հրապարակել մարտկոցի տարողությունը, սակայն նշել է, որ միայն էլեկտրական ռեժիմում շարժվելու դեպքում ընթացքի պաշարը կազմում է 135 կմ։