Աշխարհում ավտոմեքենայի վաճառքները աճել են 8 տոկոսով

Մարտ ամսին աշխարհում վաճառվել է 7.6 տոկոսով ավելի շատ ավտոմեքենա, քան մեկ տարի առաջ։ Գարնան առաջին ամսվա արդյունքում թեթև մարդատար և կոմերցիոն ավտոմեքենաների գլոբալ վաճառքները կազմել են 8 568 912 միավոր, հաղորդում է GlobalData խորհրդատվական ընկերությունը։ Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում իրացվել է 21 955 752 ավտոմեքենա, ինչը վեց տոկոսով ավելի է 2024 թվականի հունվար-մարտի ցուցանիշից։

Աշխարհի ամենախոշոր ավտոշուկան շարունակում է մնալ Չինաստանը, որտեղ մարտ ամսին վաճառվել է 2 385 223 ավտոմեքենա, ինչը 11.3 տոկոսով ավել է 2024 թվականի մարտի համեմատ։ Երկրորդ տեղում մեծ տարբերությամբ ԱՄՆ-ն է՝ 1 613 241 ավտոմեքենայով և նմանատիպ աճի տեմպով՝ տարեկան 11.2 տոկոս։

Արևմտյան Եվրոպայի շուկան կայուն է. վաճառքները կազմել են 460 796 միավոր՝ աճելով 0.6 տոկոսով։ Իսկ Արևելյան Եվրոպայում արձանագրվել է 12.5 տոկոս անկում՝ մինչև 358 917 ավտոմեքենա։

Հարավային Ամերիկայում մարտ ամսվա ընթացքում ավտոմեքենաների պահանջարկը աճել է 14.2 տոկոսով՝ հասնելով 228 804 միավորի։ Ճապոնիան վաճառքներն ավելացրել է 10.9 տոկոսով (495 247 միավոր), Հարավային Կորեան՝ 1.9 տոկոսով (146 544 միավոր), իսկ Կանադան՝ 15.4 տոկոսով (183 204 միավոր)։

Ռուսաստանում մարտին վաճառվել է ընդամենը 79.8 հազար ավտոմեքենա։ 2024 թվականի մարտի համեմատ նվազումը կազմել է 45.5 տոկոս։ Ամենավաճառվողները Lada-ի ավտոմեքենաներն են, որին հաջորդում են չինական բրենդները՝ Haval, Chery, Geely և Changan։