Հռոմի Պապի բոլոր ավտոմեքենաները, հեչբեքից մինչև սուպերքար (ֆոտոշարք)

Ֆրանցիսկոս Պապը հիշվելու է ոչ միայն իր եկեղեցական բարեփոխումներով, այլև ասկետական կյանքով և շքեղությունից հրաժարվելու կենսակերպով։ Նրա ավտոպարկը համահունչ էր համեստության, թափանցիկության և բնապահպանության սկզբունքներին։ Ի՞նչ մեքենաներ է վարել Պապը և ի՞նչեր են նրան նվիրել։

Ընտրվելուց հետո Պապը լիմուզինի փոխարեն ընտրեց կապույտ Ford Focus։ Նա հենց այդ մեքենայով էր շրջում Վատիկանում՝ կոչ անելով հոգևորականությանը հրաժարվել շքեղ մեքենաներից հօգուտ աղքատների։ 2013-ին նրան նվիրեցին 1984 թվականի արտադրության հին Renault 4 մոդելը, որը 300 հազար կիլոմետր վազք ուներ։ Սա այն նույն մոդելն էր, որով նա երթևեկում էր երիտասարդ տարիներին։ Ֆրանցիսկը ժպիտով անձամբ էր վարում այդ մեքենան Վատիկանի այգիներում։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և նրա Renault 4-ը

Նրա համար հիմնական ընտրություն դարձան բաց «պապամոբիլները», զրահի փոխարեն մարդկանց հետ մերձեցման սկզբունքով։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Jeep Wrangler-ով ողջունում էր մարդկանց ԱՄՆ-ում, Isuzu D-Max-ով՝ Ֆիլիպիններում, իսկ Ռումինիայում՝ փոփոխված սրահով ու ապակե տանիքով նվիրաբերված Dacia Duster-ով, ։ Նա հրաժարվել էր զրահապատ Mercedes-ներից՝ ասելով․ «Ես կորցնելու ոչինչ չունեմ, ավելի լավ է մոտ լինել մարդկանց»։

Արտերկրյա այցելությունների ժամանակ Պապը խնդրում էր ամենահամեստ մեքենաները․ Կորեայում՝ Kia Soul, ԱՄՆ-ում՝ Fiat 500L, Իռլանդիայում՝ Skoda Rapid։ Սինգապուրում նա երթևեկել է տեղական արտադրության Hyundai Ioniq 5-ով, իսկ Ինդոնեզիայում՝ բանակային Pindad Maung-ով, որը վերափոխվել էր պապամոբիլի։

Նվերների թվում եղել է բացառիկ Lamborghini Huracan-ը, որը Պապը ստորագրել և վաճառել է բարեգործության համար։ Tesla-ի փոխարեն նա նախընտրել է համեստ Nissan Leaf-ը, իսկ հետագայում Վատիկանում հայտնվել են նաև Opel Ampera-e և ջրածնային Toyota Mirai մեքենաները։ Վերջին ակորդը դարձավ էլեկտրական Mercedes G-Class-ը՝ բարձրացվող նստատեղով և կոբրիոլետ թափքով՝ պատմության մեջ առաջին լիովին էլեկտրական պապամոբիլը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Lamborghini Huracan-ը

Նրա ավտոտնակում յուրաքանչյուր մեքենա ոչ թե պարզապես փոխադրամիջոց էր, այլ քարոզ, հորդոր և կենսակերպ։ Ֆրանցիսկոսը օգտագործում էր մեքենաները որպես քարոզ՝ ցույց տալու համար, որ համեստությունը, բնապահպանությունը և թափանցիկությունը ավելի կարևոր են, քան արտաքին փայլը։ Նույնիսկ Duster-ով շրջելով՝ նա կարող էր հուզել միլիոնավոր սրտեր։

Mercedes-Benz G class էլեկտրական պապամոբիլը