Ford Motor ընկերությունը դադարեցրել է իր ավտոմեքենաների մատակարարումները Չինաստան։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չինաստանը ներմուծեց նոր մաքսատուրքեր՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված սակագների։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, Չինաստան այլևս չեն ուղարկվում Միչիգանում արտադրվող Ford F-150 Raptor պիկափները, Mustang մեքենաները և Bronco ամենագնացները, ինչպես նաև Քենթուքի նահանգում արտադրվող Lincoln Navigator-ը։
Ford ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ԱՄՆ-ից Չինաստան ավտոմեքենաների արտահանման պլանները վերանայվել են՝ կապված մինչև 150 տոկոս հասնող մաքսատուրքի հետ։ Միևնույն ժամանակ, մատակարարումների վերագործարկման ժամկետների մասին դեռևս տեղեկություն չի տրամադրվում։
Անցյալ տարի Ford-ը Չինաստան է արտահանել ընդամենը մոտ 5,500 ավտոմեքենա, ներառյալ Bronco, F-150, Mustang և Lincoln Navigator մոդելները։ Իսկ նախորդ մի քանի տարիներին մատակարարումների ծավալը կազմում էր շուրջ 20,000 միավոր։
Միևնույն ժամանակ Ford-ը շարունակում է Չինաստան արտահանել շարժիչներ և փոխանցման տուփեր, այս ուղղությամբ փոփոխություններ չեն նախատեսվում։ Բացի այդ, Չինաստանում հավաքված Lincoln Nautilus քրոսովերը շարունակում են արտահանվել ԱՄՆ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում էր նախկինում սահմանված՝ ավտոմեքենաների ներմուծման վրա կիրառվող 25 տոկոս մաքսատուրքի կասեցման հնարավորությունը։ Թրամփը համաձայնվել էր, որ տեղական ընկերություններին կարող է ավելի երկար ժամանակ անհրաժեշտ լինել արտադրության լոկալացման համար։