Subaru-ն ներկայացրել է նոր անվտանգության բարձիկներ, որոնք պաշտպանելու են հեծանվորդներին

Subaru-ի ներկայացուցիչները հայտնում են, որ սա առաջին նմանատիպ անվտանգության բարձիկն է, որն արդեն տեղադրվում է սերիական արտադրության մեքենաների վրա։ Նրա հիմքում ընկած է դեռ 2016 թվականին ներկայացված մի համակարգ, նախատեսված հետիոտների համար։ Բարձիկը բացվում էր դիմապակու ստորին հատվածում, սակայն այն չէր պաշտպանում հեծանվորդներին, քանի որ նրանց դիրքը ավելի բարձր է։ Այդ պատճառով Subaru-ն մեծացրել է բարձիկի չափերը՝ այն տարածելով նաև դիմապակու սյունյակների վրա։

Նորարարական բարձիկը առաջինը ստացել է նոր Subaru Forester մոդելը, սակայն առայժմ միայն ճապոնական շուկայում։ Մնացած երկրներում այդ ընտրանքը հասանելի կլինի, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։

Գոյություն ունեն հեծանվորդների պաշտպանության նաև այլ տարբերակներ։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ շվեդական հեծանվային հանդերձանքի արտադրող POC ընկերությունը համագործակցեց ավտոմոբիլային անվտանգության համակարգերի մատակարար Autoliv ընկերության հետ և ստեղծեց հեծանվային սաղավարտ՝ օդային բարձիկով։ Սաղավարտը հագեցած էր զգայուն սենսորներով և ներսից տեղադրված անվտանգության բարձիկով, որը 20 կմ/ժ արագությամբ բախման դեպքում գլխի չափավոր կամ մահացու վնասվածքի ռիսկը նվազեցնում էր 80 տոկոսից մինչև 30 տոկոս։