Ամերիկացին Toyota Tundra-ով կրկին անցել է 1 միլիոն միլ

Ամերիկայի Լուիզիանա նահանգի բնակիչ Վիկտոր Շեփփարդը կրկնել է դեռևս 2016 թվականին իրականացրած իր նվաճումը։Նա կրկին անցել է մեկ միլիոն մղոն (1.6 միլիոն կիլոմետր), և դարձյալ Toyota Tundra-ով։ Շեփփարդի տարեկան միջին վազքը գերազանցում է 200 հազար կիլոմետրը։

Երկրորդ միլիոն մղոնը Վիկտոր Շեփփարդը անցել է 5.7-լիտրանոց V8 շարժիչով 2014 թվականի Toyota Tundra-ով։ Նա արդեն 2023 թվականին հասել էր 900 հազար մղոնի, սակայն 2024-ին պիկապը շահագործել է ավելի քիչ ինտենսիվությամբ, քանի որ Շեփփարդի լոգիստիկայի և առաքումների հետ կապված բիզնեսը որոշակի դժվարությունների էր բախվել։

Երկրորդ Toyota Tundra-ն նա գնել էր, երբ իր առաջին Tundra-ի վազքը արդեն մոտենում էր նշանավոր սահմանագծին։ 2016 թվականին նրա պատմության մասին իմացավ Toyota-ի Հյուսիսային Ամերիկայի մասնաճյուղը և Շեփփարդին նվիրեց մեկ այլ պիկապ, լիովին նոր։ Հին պիկապը ուղարկվեց ընկերության հետազոտական կենտրոն, որտեղ խոստացան այն ապամոնտաժել և ուսումնասիրել, թե ինչ ազդեցություն է ունեցել նման ինտենսիվ շահագործումը մեքենայի հանգույցների վրա։

Շեփփարդի առաջին «Tundra»-ն պարբերական տեխսպասարկումներից բացի գրեթե այլ լրացուցիչ ուշադրություն չէր պահանջում։ Մեքենան 1 միլիոն միլ շահագործելու ընթացքում նա այցելել էր սերվիս ընդամենը 117 անգամ։ Պիկապը հասել էր մինչև ցուցիչի զրոյացումը (հաղթահարել էր 1 միլիոն միլ) իր սկզբնական թափքով, շարժիչով և փոխանցման տուփով։

Իսկ ահա երկրորդ պիկապի դեպքում, ինչպես նշել է Վիկտորը լրատվամիջոցին, արդեն եղել են փոխարինումներ․ նա ստիպված է եղել փոխել գեներատորը և փոխանցման տուփը։ Տրանսմիսիան սկսել է խնդիրներ տալ, երբ ցուցիչը ցույց է տվել 780 հազար մղոն (մոտ 1 250 000 կիլոմետր)։

Ինչ վերաբերում է ընդհանուր պատկերին, ապա թե՛ ԱՄՆ-ում, և թե՛ Եվրոպայում երբեմն հանդիպում են մեկ միլիոն և ավելի կիլոմետր ճանապարհ անցած մեքենաներ։ Օրինակ՝ 2023 թվականին ԱՄՆ-ում հայտնաբերել էին մեկ միլիոն կիլոմետր անցած Honda Accord, իսկ Գերմանիայում՝ Tesla Model S, որի վազքը կազմել էր 1,9 միլիոն կիլոմետր։