Գերմանացի մասնագետները ուսումնասիրել և ներկայացրել են 2025 թվականի ամենաանվստահելի օգտագործված ավտոմեքենաների վարկանիշը։ Վարկանիշի համար ուսումնասիրվել է Գերմանիայում անցկացված 10 միլիոն տեխնիկական զննություն։ Ամենաանհանգստացնողն այն է, որ յուրաքանչյուր հինգերորդ մեքենան չի անցնում տեխզննությունը, իսկ 12–13 տարեկան ավտոմեքենաների դեպքում գրեթե 30%-ը լուրջ անսարքություններ ունեն։ Հաշվի առնելով, որ Հայաստանում մեքենայի միջին տարիքն անցնում է 15 տարուց, տվյալները առավել քան արդիական են։
Երիտասարդ մեքենաների շրջանում հակառեկորդը սահմանել է Tesla Model 3-ը՝ 2–3 տարեկան ավտոմեքենաների 14.2%-ը և 4–5 տարեկանների գրեթե 20%-ը չի անցել զննություն։ Ավանդական բրենդներից խնդիրներ են ունեցել Ford Mondeo, Skoda Scala, VW Sharan և BMW 5/6 սերիաները։
Տարիքի հետ իրավիճակն ավելի է վատթարանում։ Արդեն 6–7 տարեկանում Dacia Dokker-ը, Duster-ը և BMW-ի 5/6 սերիաները ունեն ավելի քան 24% խափանումների մակարդակ։ Իսկ 10–13 տարեկան մեքենաների վիճակագրությունն ուղղակի աղետալի է.
- Dacia Logan — մինչև 41%,
- Renault Twingo — 41.5%,
- Renault Clio — գրեթե 40%։
Գլխավոր հակառեկորդակիրները՝ Dacia և Renault բրենդներն են։ Այս ապրանքանիշերը կայունորեն ցածր հուսալիություն են ցույց տալիս 5–6 տարվա շահագործումից հետո։ Նույնիսկ քիչ վազքի դեպքում մեքենաները կորցնում են տեխնիկական կայունությունը։
Tesla Model 3-ը՝ վատագույն էլեկտրամեքենան է վարկանիշում։ Մեքենան չի դիմանում անգամ համեմատաբար երիտասարդ տարիքի․ բարձր անսարքությունների մակարդակ է արձանագրվել արդեն երրորդ տարում։