Hyundai ընկերությունը շուտով կներկայացնի իր նոր Tucson մոդելը։ Մեքենան լինելու է չափազանց հետաքրքիր և անսովոր ոչ միայն դրսից, այլև ներսից։ Օրինակ՝ հիբրիդային տարբերակի կառավարման վահանակում կհայտնվի տարօրինակ սլաքային ցուցիչ՝ մարտկոցի լիցքավորման չափը ցույց տալու համար։ Բայց փորձառու ավտոսիրողները գիտեն, որ ավտոարդյունաբերության պատմության ընթացքում հաճախ են հանդիպել յուրահատուկ վահանակներ։ Հիշենք դրանցից մի քանիսը։
Citroen CX

20-րդ դարի կեսերի Citroen-ները չափազանց անսովոր մեքենաներ էին։ Բացի հայտնի հիդրոպնևմատիկ կախոցից, որն անգամ երեք անիվներով վարելու հնարավորություն էր տալիս, ֆրանսիական մեքենաները տարբերվում էին նաև միակողմանի շառավղով ղեկերով, ավանդական ղեկի կողքի լծակների բացակայությամբ, ինչպես նաև առավելագույնս տարօրինակ գործիքային վահանակներով։

Այս առումով ամենից շատ աչքի էր ընկնում օրիգինալ Citroen CX մոդելը, որի սպիդոմետրը և տախոմետրը ներկայացված էին խոշորացույց ապակու հետևում տեղադրված պտտվող թմբուկների տեսքով։ Սակայն նույնիսկ Սիտրոենի երկրպագուների համար նման լուծումը չափազանց արտառոց էր թվում, ուստի առաջին թարմացումներից հետո CX-ը ստացավ շատ ավելի ավանդական սլաքային գործիքային վահանակ։
Aston Martin Lagonda

Անսովոր Lagonda սեդանը, որն անցյալ տարի դարձավ հիսուն տարեկան, զարմանալի ճշգրտությամբ կանխատեսել էր ժամանակակից ինտերիերային միտումները։ Սենսորային կոճակներ կենտրոնական կոնսոլի վրա՞։ Առկա են։ Ամբողջությամբ էլեկտրոնային գործիքային վահանա՞կ։ Առկա է։

Այո, հենց Aston Martin Lagonda-ն դարձավ առաջին սերիական ավտոմեքենան, որն ուներ լիովին թվային վահանակ։ Թեպետ դրա մշակմանը մասնակցել էին նաև տիեզերական արդյունաբերության մասնագետներ, էլեկտրոնիկան ամեն դեպքում հաճախ խափանվում էր՝ վարորդին թողնելով առանց որևէ տեղեկատվության։ Զարմանալի է, բայց ռեստայլինգից հետո թվային սպիդոմետրը և տախոմետրը ոչ միայն չհանվեցին, այլ նույնիսկ դարձան ավելի բարդ։ Վստահելիությունը, ցավոք, մնաց գրեթե նույն մակարդակի վրա։

Vector W8

Այս ավտոմեքենայի դեպքում նախատեսված էր անել այնպես, որ բոլոր Lamborghini-ները, Porsche-ները, Ferrari-ները և Jaguar-ները պարզապես մարեին նրա ֆոնին։ Բայց ֆինանսական խնդիրները, որոնք մշտապես ուղեկցում էին Ջերալդ Վիգերտի նախագծին, լեգենդար մոդելի փոխարեն W8-ը վերածեցին հազվագյուտ ու բացառիկ մեքենայի։ Այդ պատճառով նրան ճանապարհներին հանդիպելու հավանականությունը գրեթե զրոյական է։

1989-1993 թվականների ընթացքում արտադրվել է ընդամենը 22 եզակի կուպե՝ վեցլիտրանոց երկտուրբին V8 շարժիչով և եռաստիճան ավտոմատ փոխանցման տուփով։ W8-ն ունի բազմաթիվ հետաքրքիր առանձնահատկություններ, որոնք կարելի է ուսումնասիրել ժամերով։ Դրանցից մեկն էլ վահանակն է, որը ստեղծվել է ռազմական կործանիչների ոճով։ Իրականում սա նույնիսկ դասական վահանակ չէ, այլ համակարգիչ, որի էկրանին կարելի է ցուցադրել տվյալներ մեքենայի բոլոր հեղուկների ճնշման և ջերմաստիճանի մասին, տեղեկատվություն դռների դիրքի մասին, ինչպես նաև՝ սպիդոմետրի և տախոմետրի ցուցանիշները։ Դիտեք ինքներդ։
Honda Civic

Ութերորդ սերնդի Honda Civic հեչբեքը ստացվել էր այնքան ֆուտուրիստական, որ նույնիսկ այսօր էլ ժամանակակից տեսք ունի։ Մինչդեռ այս տարի այդ մոդելը դարձավ արդեն 20 տարեկան։ Սակայն Civic-ի ֆուտուրիզմը արտահայտվում էր ոչ միայն արտաքին ձևավորման մեջ։ Սրահում ճապոնացիները կիրառել էին գործիքային վահանակի նոր կառուցվածք, որն այնքան հաջող էր, որ օգտագործվեց նաև հաջորդ սերնդի Civic-ում։
Նորարարությունն այն էր, որ գործիքային վահանակը երկհարկանի էր։ Այդ կերպ թվային սպիդոմետրը տեղադրվում էր ղեկի եզրից վերև, իսկ անալոգային տախոմետրը և լրացուցիչ սարքավորումները՝ եզրի ներսում, ինչպես ավանդաբար մեքենաների մեծ մասում է լինում։ Առաջին հայացքից այս երկհարկ կառուցվածքը կարող էր ծանրաբեռնված թվալ, սակայն իրականում շատ հարմար էր և փոխանցվեց նաև հաջորդ սերնդի Civic-ին։

Lamborghini Reventon

Reventon սուպերքարը ստեղծելիս Lamborghini-ի ինժեներները ոգեշնչվել էին ռազմական ինքնաթիռներից։ Նրանց մուսաներից մեկը եղել է F-22 կործանիչը։ Ավտոմեքենան հիշեցնում է այս հայտնի ինքնաթիռը ոչ միայն սուր ու անկյունավոր մարմնով և մոխրասև գույնով, այլ նաև գործիքային վահանակով, որը լիովին կհամապատասխաներ իրական ռազմական կործանիչի։

Reventon-ի վահանակը TFT էկրան է՝ երկու աշխատանքային ռեժիմով։ Առաջինը կարելի է համարել դասական. այստեղ սպիդոմետրի և տախոմետրի սանդղակները ներկայացված են աղեղների տեսքով, որոնք արագության և պտույտների ավելացման հետ աստիճանաբար լցվում են գույնով։ Երկրորդ ռեժիմն արդեն շատ ավելի հետաքրքիր է։ Դրանում սպիդոմետրը հիշեցնում է ռազմական թիրախավորիչ, իսկ տախոմետրը՝ զինատեսակների կառավարման վահանակ։ Բացի այդ, վահանակի կենտրոնում կա գերբեռնվածության ցուցիչ։
Հեղինակ՝ Վլադիմիր Հովհաննիսյան