Ամերիկային ընդառաջ․ Hyundai-ն նոր գործարան է կառուցում ԱՄՆ-ում և ներդրում է $21 միլիարդ

Hyundai Motor Group-ի նոր HMGMA (Hyundai Motor Group Metaplant America) գործարանը, որը գտնվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, մեկնարկել էր դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին, երբ արտադրական գծից դուրս եկավ առաջին էլեկտրական Hyundai Ioniq 5 քրոս-հեչբեքը։ Այնուամենայնիվ, պաշտոնական բացումը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին, հավանաբար, Դոնալդ Թրամփի վարչակազմի խնդրանքով, որպեսզի այս հիշարժան իրադարձությունը ինչ-որ կերպ մեղմացնի լրատվամիջոցների կողմից քննադատությունը, ուղղված Թրամփի կողմից նույն օրը ստորագրված 25%-անոց մաքսատուրքերի հետ, որոնք վերաբերում են բոլոր ներմուծվող ավտոմեքենաներին և դրանց հիմնական մասերին։ Բացման արարողությանը ներկա էր Hyundai Motor Group-ի գործադիր նախագահ Իսոն Չոնգը, ինչպես նաև Ջորջիա նահանգի նահանգապետ Բրայան Քեմփը։

Դոնալդ Թրամփը արդեն շնորհակալություն էր հայտնել և գովեստի խոսքեր ասել Hyundai Motor Group-ին՝ ԱՄՆ-ում բիզնեսի զարգացման և մեծածավալ ներդրումների համար։ HMGMA գործարանը հարավկորեական ընկերությանը արժեցել է 7,2 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր առմամբ ԱՄՆ շուկա մուտք գործելուց հետո ընկերությունն այնտեղ ներդրել է 20,5 միլիարդ դոլար։ Բացի HMGMA-ից, Hyundai Motor Group-ը ԱՄՆ-ում ունի ևս երկու գործող գործարան՝ HMMA (Hyundai Motor Manufacturing Alabama) Մոնտգոմերի քաղաքում (Ալաբամա նահանգ) և Kia-ի գործարանը Վեստ-Փոյնթ քաղաքում (Ջորջիա նահանգ)։

HMGMA գործարանը պատրաստվում է արտադրել Hyundai Motor Group-ի բոլոր դուստր բրենդների՝ Hyundai, Kia և Genesis, մոդելները։ Ներկայումս գործարանը, բացի Hyundai Ioniq 5-ից, արտադրում է նաև մեծ էլեկտրական Hyundai Ioniq 9 քրոսովերը, իսկ հետագայում այստեղ նախատեսվում է արտադրել նաև հիբրիդային մոդելներ, ինչը ցույց է տալիս, որ HMGMA-ն նախատեսված չէ միայն էլեկտրամեքենաների համար։ The Detroit News-ի տվյալներով՝ գործարանում աշխատում է շուրջ 1200 մարդ։ Նույն պարբերականը հայտնում է, որ HMGMA գործարանն ստացել է 2,1 միլիարդ դոլարի պետական աջակցություն հարկային արտոնությունների և սուբսիդիաների տեսքով։

Hyundai Ioniq 5 քրոսովերը

Մարտի 26-ին Hyundai Motor Group-ը հայտարարեց, որ 2025-ից 2028 թվականների ընթացքում մտադիր է ներդնել ևս 21 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ում իր բիզնեսի զարգացման նպատակով։ Այս գումարի մի մասը կուղղվի 2,7 միլիոն տոննա տարեկան արտադրական հզորությամբ մետաղաձուլական գործարանի կառուցմանը, որը պետք է շահագործման հանձնվի 2029 թվականին։ Նոր ներդրումների մի մասն էլ նախատեսված է ուղղել հետազոտական և մշակումների ոլորտներ՝ ռոբոտատեխնիկայի, արհեստական բանականության, ինքնավար մեքենավարման և նոր օդային շարժունակության (օդային տաքսիներ և ուղղահայաց թռիչքով օդային մեքենաներ) ոլորտներում։

Հավելենք, որ Hyundai-ի ավտոբիզնեսը ԱՄՆ-ում այս պահին վերելք է ապրում․ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին վաճառքները կազմել են 116,535 ավտոմեքենա (8%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում), և հատկապես աճում են էլեկտրական մեքենաների վաճառքները։ Տեղական արտադրությունը հարավկորեական ընկերությանը թույլ կտա ապահովել ավելի ցածր գներ իր մեքենաների համար՝ համեմատած ներմուծվող մրցակիցների հետ, որոնց գները, ամենայն հավանականությամբ, կտրուկ կբարձրանան Թրամփի սահմանած մաքսատուրքերի հետևանքով։