Mercedes-Benz-ը առաջարկում է աշխատակիցներին աշխատանքից ազատվել 500 հազար եվրոյի դիմաց: Ընկերությունը պարտավորվում է վճարել այս փոխհատուցումը աշխատակիցների կամավոր հեռանալու համար: Սա պետք է օգնի ընկերությանը կատարել կադրերի կրճատման ծրագիրը և հասնել ռեսուրսների տնտեսման նպատակին: Սակայն ոչ բոլոր աշխատակիցները կարող են հույս դնել այս «ոսկե օդապարիկի» վրա, ինչպես նշում է գերմանական Handelsblatt թերթը:
Առաջարկվող վերջնահաշվարկի չափը կախված է թե՛ աշխատակցի աշխատանքային փորձից, թե՛ զբաղեցրած պաշտոնից: Օրինակ, 55-ամյա խմբի ղեկավարն, ով աշխատում է Mercedes-Benz-ում 30 տարի և ստանում է ամսական 9000 եվրո աշխատավարձ, կարող է ակնկալել առավելագույնը 500 հազար եվրո ինքնակամ հեռացման համար: Միևնույն ժամանակ, 45-ամյա ադմինիստրատորին, ով ունի 20 տարվա փորձ և 7500 եվրո աշխատավարձ, կառաջարկեն ոչ ավելի, քան 300 հազար եվրո, իսկ 30-ամյա աշխատակցին, որի աշխատավարձը կազմում է 6000 եվրո, կվճարեն 100 հազար եվրո:
Եվրոպայում հարկադիր կրճատումներ չեն նախատեսվում: Աշխատակիցները պաշտպանված են զբաղվածության երաշխիքով մինչև 2034 թվականի վերջը, ուստի Mercedes-Benz-ը ձգտում է դրդել նրանց կամավոր կերպով հրաժարվել աշխատանքից՝ առաջարկելով առատաձեռն ֆինանսական խթաններ: Եթե նրանք մերժեն, ընկերությունը չի ստիպի նրանց հեռանալ աշխատանքից:
Mercedes-Benz-ում աշխատում է մոտ 30 հազար մարդ, որոնք անմիջականորեն ներգրավված չեն արտադրությունում: Նշվում է, որ շուտով նրանք կստանան վերջնահաշվարկի առաջարկներ և պետք է պատասխանեն մինչև այս տարվա հուլիսի 31-ը:
Նախկինում Mercedes-Benz-ը նշել էր, որ ընկերությունն արդեն անցել է զգալի տնտեսումների, ներառյալ մշտական ծախսերի կրճատումը, և դա արդեն իր արդյունքներն է տալիս: Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը ստիպված է տնտեսել բարդ տնտեսական իրավիճակի և Չինաստանում վաճառքների նվազման պատճառով, որը երկար տարիներ կայուն շահույթի աղբյուր էր: